1 Հիսուսը մի առակ պատմեց իր աշակերտներին՝ ցույց տալու համար, թե պետք է միշտ աղոթել առանց վհատվելու։ 2 Եվ ասաց.
-Մի քաղաքում մի դատավոր կար, որ ո՛չ Աստծուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում։ 3 Նույն քաղաքում մի այրի կին էլ կար, որ դիմում էր նրան և խնդրում. «Իրավունքս պաշտպանի՛ր իմ հակառակորդից»։ 4 Դատավորը երկար ժամանակ մերժում էր դատը տեսնել, սակայն ի վերջո ինքն իրեն ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, 5 բայց քանի որ այս այրին նեղություն է տալիս ինձ, նրա դատը տեսնեմ, որպեսզի անվերջ մոտս գալով՝ չանհանգստացնի ինձ»։
6 Ապա Տերը շարունակեց.
-Լսեցե՛ք, թե ի՛նչ է ասում այդ անիրավ դատավորը։ 7 Իսկ Աստված ինչքա՞ն կհամբերի իր ընտրյալների կրած անիրավությանը. չի՞ պաշտպանի նրանց, որոնք գիշեր ու ցերեկ դիմում են իրեն։ 8 Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իրավունքն իսկույն կպաշտպանի։ Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա։
Անիրավ տնտեսի առակը
«Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ. և նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ Տերը կանչեց նրան և ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին, տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսը իր մտքում ասաց. «Ի՞նչ պետք է անեմ, քանի որ իմ տերը տնտեսությունս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպեսզի, երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները»։ Եվ իր տիրոջ պար¬տապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով՝ առաջինին ասում է՝ «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»։ Եվ սա ասում է՝ «Հարյուր տակառիկ ձեթ». և տնտեսը նրան ասում է՝ «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու անմիջապես գրի՛ր՝ հիսուն»։ Ապա դարձյալ մյուսին ասում է՝ «Դու ինչքա՞ն պարտք ունես», և սա ասաց՝ «Հինգ հարյուր պարկ ցորեն»։ Տնտեսը նրան ասաց՝ «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու գրի՛ր՝ չորս հարյուր»։ Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ։ Եվ Ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ»։
Առակների նպատակը
10 Ապա աշակերտները մոտեցան Հիսուսին և հարցրին.
— Ինչո՞ւ ես առակներով խոսում նրանց հետ։
11 Հիսուսը պատասխանեց նրանց.
— Դո՛ւք պետք է գիտենաք Աստծու արքայության գաղտնիքները, բայց ո՛չ նրանք. 12 որովհետև ով ունի, նրան պիտի տրվի ավելիով, իսկ ով չունի, նրանից պիտի վերցվի ունեցած փոքր բաժինն էլ։ 13 Դրա համար է, որ ես առակներով եմ խոսում նրանց հետ, որովհետև նայում են, բայց չեն տեսնում, ականջ են դնում, բայց չեն լսում ու չեն հասկանում։ 14 Այսպես է իրականանում նրանց նկատմամբ Եսայու մարգարեությունը, որ ասում է.
«Անդադար կլսեն, բայց չեն հասկանա,
շարունակ կնայեն, բայց չեն տեսնի,
15 որովհետև այս ժողովրդի միտքը թանձրացել է.
նրանք խցել են իրենց ականջները
և փակել են իրենց աչքերը,
որպեսզի չլինի թե իրենց աչքերը տեսնեն, և ականջները լսեն,
մտքերը հասկանան ու դարձի գան,
և ես բժշկեմ նրանց»։
16 Բայց երանի՜ ձեր աչքերին, որովհետև տեսնում են, և երանի՜ ձեր ականջներին, որովհետև լսում են։ 17 Ասում եմ ձեզ, որ շատ մարգարեներ և արդարներ փափագեցին տեսնել ձեր տեսածները, բայց չտեսան, և ցանկացան լսել ձեր լսածները, բայց չլսեցին։
Ժայռի վրա կառուցել տունը
47 Ով որ ինձ մոտ է գալիս և իմ խոսքերը լսելով՝ գործադրում է դրանք, ձեզ ասեմ, թե նա ում է նման։ 48 Նման է այն մարդուն, որ տուն կառուցելու համար հողը խորն է փորում և հիմքը հաստատում ժայռի վրա։ Երբ գետը, հեղեղներից հորդելով, զարկի այդ տանը, չի կարողանա խախտել այն. որովհետև տան հիմքը ժայռի վրա է հաստատված։ 49 Իսկ ով լսում է իմ խոսքերը, բայց չի գործադրում դրանք, նման է այն մարդուն, որ հողի վրա առանց հիմքի տուն է կառուցում. երբ գետը զարկում է դրան, այն իսկույն քանդվում է։ Եվ ի՜նչ ահավոր է լինում այդ տան կործանումը։
Հավատի լույսը
33 -Ոչ ոք ճրագը վառելուց հետո այն չի թաքցնի, կամ կաթսայի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն։ 34 Մարմնի ճրագն աչքն է. երբ քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ քո աչքը հիվանդ է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ 35 Ուրեմն զգո՜ւյշ եղիր, որ չլինի թե քո մեջ եղած լույսը խավարի։ 36 Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, առանց խավարի մի մասնիկ ունենալու իր մեջ, այն ժամանակ ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագն իր շողերով լուսավորի քեզ։
Նոր գինին հին տիկերի մեջ չի դրվում
17 Նմանապես, ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, այլապես տիկերը կպայթեն. գինին դուրս կթափվի, և տիկերը կփչանան։ Ընդհակառակը, նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահվում են։
Սերմնացանի առակը
3 Եվ նա առակներով շատ բաներ էր սովորեցնում նրանց և ասում.
4 — Մի սերմնացան ելավ սերմ ցանելու։ Երբ նա սերմանում էր, հատիկների մի մասն ընկավ ճանապարհի եզերքին, և թռչունները եկան ու կերան դրանք։ 5 Ուրիշ հատիկներ ընկան ժայռոտ մի տեղ, ուր շատ հող չկար, և որովհետև հողը խորություն չուներ, իսկույն բուսան. 6 բայց երբ արևը ելավ, խանձվեցին, և քանի որ արմատ չունեին, չորացան։ 7 Ուրիշ հատիկներ ընկան փշերի մեջ, և փշերը բարձրացան ու խեղդեցին դրանք։ 8 Իսկ ուրիշներն ընկան լավ հողի մեջ և պտուղ տվեցին. մի մասը՝ մեկի տեղ հարյուր, ուրիշները՝ վաթսուն և կամ երեսուն։ 9 Ով լսելու ականջ ունի, թող լսի։
Պահված գանձի օրինակը
44 — Երկնքի արքայությունը նման է մի արտի մեջ պահված գանձի։ Երբ մեկն այն գտնում է, կրկին ծածկում է հողի տակ և ուրախությունից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը ու գնում այդ արտը։
Նոր կարկատանը հին հագուստի վրա
16 Ոչ ոք չլվացված նոր կտորը չի գործածի հնացած հագուստի համար կարկատան անելու, քանի որ նոր կտորը, քաշվելով, հագուստը կպատռտի, և պատռվածքը ավելի մեծ կլինի։
Ճրագի օրինակը
21 Ապա ավելացրեց.
-Մի՞թե որևէ մարդ ճրագը ներս կբերի կաթսայի կամ անկողնու տակ դնելու համար։ Աշտանակի վրա չի՞ դնի այն. 22 որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, ոչ էլ գաղտնի բան, որ երևան չգա։
Որոմի առակը
24 Հիսուսը մի ուրիշ առակ էլ պատմեց նրանց և ասաց.
25 — Մի մարդ լավ սերմեր սերմանեց իր արտի մեջ։ Մի գիշեր, երբ ամեն մարդ քնի մեջ էր, նրա թշնամին եկավ, որոմ ցանեց ցորենի մեջ և գնաց։ 26 Երբ սերմերն աճեցին և սկսեցին հասկ դառնալ, այն ժամանակ երևաց և այդ որոմը։ 27 Տանտիրոջ ծառաները եկան և ասացին նրան. «Տե՛ր, մի՞թե դու քո արտի մեջ միայն լավ սերմեր չսերմանեցիր. հապա որտեղի՞ց է այդ որոմը»։ 28 Տերը պատասխանեց. «Թշնամի մարդու արած գործ է դա»։ Ծառաներն ասացին. «Ուզո՞ւմ ես, որ գնանք և քաղհանենք որոմը»։ 29 «Ո՛չ,-պատասխանեց Տերը,-որպեսզի չլինի թե որոմը քաղելիս ցորենն էլ միասին արմատախիլ անեք։ 30 Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը. ես այն ժամանակ հնձողներին կասեմ՝ նախ որո՛մը քաղեցեք, խրձե՛ր կազմեցեք այրելու համար և ապա միայն քաղեցե՛ք ցորենը և ամբարեցե՛ք իմ շտեմարաններում»։
Ահա ճիշտ սրա նման է երկնքի արքայությունը։
Աշակերտ լինելու գինը
25 Մեծ թվով ժողովուրդ էր գնում Հիսուսի հետ։ Հիսուսը, դառնալով նրանց, ասաց.
26 -Ով որ գալիս է ինձ մոտ և ինձ ավելի չի սիրում, քան իր հորն ու մորը, կնոջն ու զավակներին, եղբայրներին ու քույրերին և նույնիսկ իր անձը, չի կարող ինձ աշակերտ լինել. 27 որովհետև ով որ իր խաչը չի վերցնում և ինձ չի հետևում, ինձ աշակերտ լինել չի կարող։ 28 Եթե ձեզնից մեկն ուզենա մի աշտարակ շինել, նախ չի՞ նստի և չի՞ հաշվի ծախսերը՝ տեսնելու համար, թե գործը վերջացնելու համար բավարար դրամ ունի՞։ 29 Այլապես, երբ հիմքը դնելուց հետո չկարողանա աշտարակն ավարտել, բոլոր տեսնողները կսկսեն ծիծաղել նրա վրա՝ 30 ասելով. «Այս մարդն սկսեց կառուցել, բայց չկարողացավ ավարտել»։ 31 Կամ եթե մի թագավոր տասը հազար հոգուց բաղկացած բանակով ուզենա պատերազմի դուրս գալ մի ուրիշ թագավորի դեմ, որ իր վրա եկել է քսան հազար հոգուց բաղկացած բանակով, նախ չի՞ նստի և չի՞ մտածի, թե արդյոք կկարողանա՞ հաղթել նրան։ 32 Այլապես, դեռևս հեռվից նա պատգամավոր կուղարկի՝ հաշտություն խնդրելու նրանից։ 33 Այդպես էլ՝ ձեզնից նրանք, ովքեր չեն կարող հրաժարվել իրենց ամբողջ ունեցածից, ինձ աշակերտ լինել չեն կարող։
Անպետք աղը
34 -Աղը լավ բան է, բայց եթե իր համը կորցնի, ինչո՞վ պիտի աղեն այն։ 35 Ո՛չ հողին է օգտակար, ո՛չ էլ կարելի է դրանից պարարտանյութ պատրաստել, այլ դուրս են թափում։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։
|