20:52 Հորդոր բոլոր գրական ակումբներին և գրողների միությանը։ Հեղինակ՝ Կարեն Շիրինյան |
Հարգելի՛ մտավորականներ, գրականագետներ, բանաստեղծներ ու գրողներ, անշուշտ, անգնահատելի է Ձեր ներդրումը մշակույթի ասպարեզում: Գնահատում եմ Ձեր նվիրական աշխատանքն ու գրագիտությունը: Ցավալին այն է, որ այսօր Ձեզ պես մտավորականների կողքին շարունակում են ստեղծագործել մի շարք գաղջ մտածելակերպով, նախանձ, կռվարար, չարակամ բանսարկուներ, որոնք նույնիսկ Ա-ն Բ-ից չեն կարողանում տարբերել, գրում են անիմաստ և ոչինչ չասող նախադասություններ, հռչակելով իրենց բանաստեղծներ: Զարմանալի չէ, որ ոչ ադեկվատ անձինք ավելի մեծ տեղ ունեն այսօր, քան արդարամիտներն ու բանիմաց անձինք:
Ամեն օր հետևում եմ բոլոր Գրական ակումբների անդամների և Գրողների միության անդամների գրառումներին: Ակնհայտ է, որ նրանցից շատերը ինքնակոչ բանաստեղծներ են, որոնք, տասնյակ գրքեր տպագրելով, իրենց հռչակում են բանաստեղծ: Ընթերցելով նրանց գրածները, կարող եմ ասել, որ նրանք նույնիսկ բանաստեղծական ոճ ու ճաշակ չունեն, էլ ի՞նչ բանաստեղծ լինելու մասին կարող է խոսք լինել: Դրանք ընդամենը սովորական, ոչինչ չսովորեցնող, այս կամ այն գրքերից արտագրված ու վերամշակված տողեր են իրենցից ներկայացնում:
Կան բանաստեղծներ, որոնք նույնիսկ ծանոթ չեն մարդկանց հետ հաղորդակցման կուլտուրային: Չեմ կարծում՝ որ բանաստեղծը պետք է արատավորի մյուսներին, մոռանալով բանաստեղծի կոչման մասին: Ոմանք գրագողներ են, մյուսները՝ անինքնասեր ու թունավոր մարդիկ, երրորդներն էլ՝ իսկական բանաստեղծներ: Հորդորում եմ բոլոր Գրական ակումբների հիմնադիր-նախագահներին, Գրողների միությանը և տվյալ ոլորտի հետ առնչվող անձանց, որպեսզի սահմանափակեն ոչ ադեկվատ անձանց մուտքը վերոնշյալ հաստատություններ: Մշակե՛ք համընդհանուր ծրագիր, համաձայն որի, հնարավոր կլինի իսկական գրականագետներին, գրողներին ու բանաստեղծներին զատել ինքնակոչ բանաստեղծներից:
Ստեղծե՛ք էթիկայի հանձնաժողով, ըստ որի, բոլոր նրանք, ովքեր չհետևեն էթիկայի կանոնակարգին, առաջին խախտման դեպքում կկիրառվի նկատողություն, երկրորդ դեպքում՝ տույժ, երրորդ դեպքում տվյալ անձը /անձինք/ այլևս հնարավորություն չի ունենա համալրելու նրանց շարքերը:
Թույլ մի՛ տվեք, որպեսզի այդպիսիք սև բիծ թողնեն հայ մշակույթի զարգացման ճանապարհին:
Հարգանքներով՝ Կարեն Շիրինյան
Կից նյութեր: Նկար 1 |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |