16:48 Տյառնընդառաջ |
«…Ձեր մեջ չգտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող…» (Բ Օրինաց 18:10): Տրնդեզը հեթանոս հայերը նշել են որպես երազների մեկնիչ, գիտության և դպրության չաստված Տիրի, նաև արևի և ռազմի չաստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը եղել է խարույկը: Ժողովրդական ընկալումներով՝ Տրնդեզի կրակն ուներ մաքրագործող, չարը խափանող, պտղաբերություն ապահովող և հիվանդությունները կանխող զորություն: Նրանք կրակի վրայով թռցնում էին իրենց նորապսակ զույգերին՝ հավատալով, որ կրակը պտղաբերություն կապահովի իրենց ընտանիքում: Քրիստոնեության ընդունման ժամանակ՝ 4-րդ դարում, հայերը դեռևս հեթանոս էին՝ բազմաստված, նրանք պաշտում էին տարբեր կուռքերի, որոնցից յուրաքանչյուրին նվիրված տոն ունեին: Քրիստոնեության ընդունումը Հայաստանում հեթանոս հայերի կողմից խիստ ըմբոստությամբ ընդունվեց, և որպեսզի նոր կրոնը նրանց համար ընդունելի դառնար, հոգևոր հայրերը որոշեցին միանգամից շատ չկտրել նրանց իրենց հավատալիքներից և ծեսերից: Այդ նպատակով այդ ծեսերից շատերը նույնացվեցին քրիստոնեական որևէ իրադարձության հետ: Այսպես էլ հայերի՝ կրակի չաստծուն նվիրված Տրնդեզ տոնը նույնացվեց մանուկ Հիսուսին Աստծո տաճարին նվիրաբերելու իրադարձության հետ: Սակայն Աստծո խոսքում ոչ մի տեղ գրված չէ այն մասին, որ մանուկ Հիսուսին տաճար տանելիս կրակներ էին վառված կամ էլի նմանատիպ ինչ-որ բան: Որպես գիտակից քրիստոնյաներ՝ կարող ենք այժմ հետևություն անել. եթե մենք արդեն հազար յոթ հարյուր տարի է ընդունել ենք քրիստոնեությունը, արդյոք ժամանակը չէ՞ օտարածին բաները մաքրել նրանից և առաջնորդվել այն միակ Աստվածաշնչով, որում, ի դեպ, կրակի վրայից թռչելու մասին գրված է. «…Ձեր մեջ չգտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող…» (Բ Օրինաց 18:10): Կրակի չաստծուն նվիրված տոնը նշելով` մենք հայտարարում ենք, որ դեռևս հավատում ենք կրակին և նրա մաքրող զորությանը և ոչ թե Փրկիչ Տեր Հիսուսին և Նրա արյան մաքրագործող զորությանը: Կրակի վրայով թռչելով՝ մենք հոգևոր ոլորտում դուռ ենք բացում այն ուժի առջև, որը կանգնած է այդ կրակի հետևում. չէ՞ որ ամեն հավատք կամ հավատալիք իր հետևում կանգնած ուժ ունի: Այս ամենը հաշվի առնելով՝ ուզում ենք ասել. սիրելի՛ հայ քրիստոնյա, քո հավատքն ու սպասելիքը թող միշտ լինի Միակ և Իրական Աստծուց, թող քո շնորհիվ փակվի այն դուռը, որը բացել են մեր նախնիներն իրենց արած սխալ ծեսերով՝ չիմանալով իրականությունը: Այսօր դու հնարավորություն ունես կարդալու Աստվածաշունչը և համեմատելու քո հոգևոր գիտելիքներն իրական Աստծո Խոսքի հետ: Եթե գալիս ենք Տեառն ընդ առաջ, ուրեմն պետք է իմանանք, որ Տիրոջ առջև գալը Նրանից մեր կյանքի իրական կոչումը հասկանալու և Նրա օգնությամբ այդ կոչման մեջ հավատարիմ կանգնելու մի շատ զորավոր հնարավորություն է: Այս օրը նորովի կանգնի՛ր Աստծո առջև և հարցրու՛: «Տե՛ր Աստված, խնդրում եմ, հայտնի՛ր ինձ՝ ինչի՞ համար եմ ծնվել այս աշխարհում, ո՞րն է իմ կոչումը, օգնի՛ր, որ կյանքիս ոչ մի օրը զուր չանցնի: Օգնի՛ր, որ լիարժեք կատարեմ Քո ծրագիրը, և երբ իմ ժամանակն էլ գա Քո Երկնային խաղաղության մեջ մտնելու, կարողանամ Սիմեոն ծերունու նման հագեցած կյանքից և իմ նպատակին հասած՝ խաղաղությամբ ձեռքս մեկնել Քեզ: Օրհնյա՜լ լինի Քո Սուրբ անունը: Ամեն»: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |