Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հարցազրույց է տվել RUSARMINFOգործակալությանն ու ասել, որ Հայաստանում իրավիճակի վերաբերյալ իր վերջերս արած հայտարարությունները կանխատեսում են եղել, որոնք ոչ մի կապ չունեն Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ:
Գործակալության թղթակցի հարցին, թե ինչպես է նա վերաբերվում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի կոչին, ով պահանջել էր գործչից ներողություն խնդրել նման հայտարարությունների համար, Ժիրինովսկին պատասխանել է, որ ինքը միշտ պաշտպանել է Հայաստանն ու երբեք բացասաբար չի արտահայտվել այդ երկրի մասին: Նա ասել է, որ Երևանում ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ ինքն արտահայտվել է, որ նման բան հնարավոր է յուրաքանչյուր երկրում, բայց, փառք Աստծո, խնդիրը լուծվել է, և բոլորը հանձնվել են:
Ժիրինովսկին նաև նշել է, որ 1991 թվականին իրեն հարցրել են, թե Ղարաբաղն ում պետք է հանձնվի, և ինքը հայտարարել է, որ Հայաստանին՝ այն դեպքում, երբ քաղաքական կուսակցություններն այդպես չեն պատասխանել:
Թղթակիցը հարցրել է, թե արդյոք Ժիրինովսկին հիմա էլ է այդ կարծիքին, ինչին գործիչը խնդրել է թեմաները չխառնել՝ ասելով. «Ես ասել եմ, որ Հայաստանը լեռներով շրջապատված փոքր երկիր է, և այդ պայմաններում դժվար է տնտեսություն զարգացնելը։ Ես նաև ասել եմ, որ հայերի մեծամասնությունն ապրում է Հայաստանի սահմաններից դուրս։ Ես ինչ-որ բան սխա՞լ եմ ասել։ Ես ասել եմ, որ եթե Հայաստանում ռուսական ռազմաբազա չլինի, ապա Թուրքիան ու Ադրբեջանը կոչնչացնեն այն, և Հայաստանի վերջը կգա։ Ես կանխատեսում եմ արել։ Նաև կանխատեսում եմ, որ եթե Ռուսաստանը չլինի, ապա Սիրիան կոչնչացնեն։ Ես Սիրիայի դեսպանից է՞լ ներողություն խնդրեմ»:
Այն հարցին, թե Ժիրինովսկու դիրքորոշումն արդյոք համընկնում է Կրեմլի կամ նախագահ Պուտինի դիրքորոշման հետ, նա պատասխանել է, որ դա միայն իր կարծիքն է, և ինքը չի կարող Կրեմլի կամ նախագահի փոխարեն խոսել:
«Ես արևելագետ եմ, և արդեն 50 տարի զբաղվում եմ Կովկասով, Թուրքիայով և Իրանով, և եթե դուք ուժեղ երկիր եք, ապա այլ երկրների օգնության և ռազմաբազաների կարիքը չպետք է ունենաք», - ասել է ռուս գործիչը։
Թղթակիցը ցանկացել է պարզել, թե Ժիրինովսկու կարծիքով՝ ինչպիսի լուծում կարող է տրվել ԼՂ հարցին, սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել ու ասել է, որ ինքն այլևս հայ լրագրողներին մեկնաբանություններ չի տա և Հայաստանի հետ կապված հարցեր չի քննարկի:
«Այլևս մեկնաբանություններ չեմ տա Հայաստանից լրագրողներին։ Եթե ձեզ ու Օլեգ Եսայանին ձանձրացրել է հզոր հայ ժողովրդի հզոր պաշտպանը, ապա ես այլևս չեմ մեկնաբանի Հայաստանի հետ կապված հարցերը։ Բոլոր հարցերը լուծեք Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Լավրովի հետ։ Եթե Հայաստանում հայերը նեղացել են ինձնից, ապա նրանք այլևս ինձ չեն լսի», - ասել է Ժիրինովսկին։
Հիշեցնենք, որ Ժիրինովսկին օրեր առաջ ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում անդրադարձել էր հայաստանյան իրադարձություններին։ Հարց էր հնչել նաև ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի մասին, ինչին նա ասել էր, թե «եթե հայերը հասցնեն դրան, ապա Ռուսաստանը Հայաստանից դուրս կբերի ռուսական բազան, որից հետո հայերը ռուսների ոտքերը կընկնեն բազան վերադարձնելու համար» ։
|