Փորձիր յուրաքանչյուր օր գոնե քառորդ ժամ Աստծուն ժամանակ տրամադրել: Յուրաքանչյուր օրն ունի 96 քառորդ ժամ (15 րոպե), դրանցից մեկը տրամադրիր Սուրբ Գրքին: Կարճ ժամանակ անց դու կարիք կունենաս քառորդ ժամից ավելիի:
Կարևոր չէ, թե օրվա որ ժամն ես ընտրում ընթերցանության համար, սակայն վաղ առավոտյան միտքն ավելի ընկալունակ է:
Աստվածաշունչը կարդա ուշադիր, առանց շտապելու: Կարդա` յուրաքանչյուր Խոսքի վրա խորհելով:
Ընթերցելիս աղոթիր Աստծուն, որ Նա լուսավորի քո միտքը: Հիշի՛ր, որ Աստվածաշունչը ոչ ոք չի կարող բացատրել այնպես, ինչպես հենց Ինքը` Հեղինակը:
Կարդա այնպես, կարծես գրված է հենց քեզ համար: Այն Աստծո պատգամն է քեզ ուղղված: Եթե զգուշացումներ կան, մտածիր, որ դրանք հենց քեզ համար են, եթե խոստումներ կան, մտածիր դրանք հենց քոնն են:
Լավ է մատիտ ունենալ ձեռքիդ տակ` ընդգծելու այն տողերը, որոնք կդիպչեն սրտիդ. այսպիսով հաջորդ անգամ այն հեշտությամբ կգտնես:
Ընթերցման ավարտից հետո կարդացածդ Աստծո հետ քննարկիր աղոթքի միջոցով:
Ամեն անգամ կանոնավոր կերպով կարդա ողջ Աստվածաշունչը: Երբ ավարտես, սկսիր նորից կարդալ և ամեն անգամ այն նորովի «կբացվի» քեզ համար:
«Ցանվում է սերմը» գրքից